ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Հարյուրմղոնանոց ճանապարհը պետք է սկսել մեկ քայլից»

«Հարյուրմղոնանոց ճանապարհը  պետք է սկսել մեկ քայլից»
06.06.2014 | 11:10

Առնոլդ Աղաբաբովի կինոսցենարի հիման վրա ստեղծված` ՋԻՎԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ «Թևանիկ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի էկրանավորումը վերջին շրջանի մշակութային կարևոր իրադարձություններից էր: Կինոհանրությունը բարձր գնահատեց աշխատանքը, կարծիքներ հնչեցին, որ ստեղծվել է Արցախյան ազատամարտի մասին պատմող առաջին ֆիլմը:
Ջիվան Ավետիսյանը վերջերս է վերադարձել Կաննի 67-րդ փառատոնի կինոշուկայից: «Իրատես de facto»-ի հետ զրույցում նա ասաց, որ Կաննը իրականում ծանր ու դաժան շուկա է, ուր հայկական կինոյին ոչ ոք չի սպասում: «Օրվա թերթում կազմի վրա տեղադրում ես ֆիլմի գովազդը, և հաջորդ առավոտյան բոլորը խոսում են քո ֆիլմից: Այն, ինչ արեցին շատերը: Մենք այդ միջոցները չունեինք»: Փոխարենը` աշխատանքի, նամակագրության, անձնական հանդիպումների արդյունքում հաջողվել է 43-տեղանոց դահլիճում ապահովել 50-ից ավելի հանդիսատես, որոնց մեջ եղել են բարձրակարգ կինոփառատոների ներկայացուցիչներ, դիստրիբյուտորներ և այլ անձինք: Ստեղծագործական խումբն արել է հնարավոր ամեն ինչ` «Թևանիկի» համար ճանապարհ հարթելու և հաջորդ նախագիծն առաջ տանելու համար: «100-մղոնանոց ճանապարհը պետք է սկսել մեկ քայլից,- նկատեց ֆիլմի ռեժիսորը:- Դու փորձում ես խաղալ` չգրված կանոններով, օտարերկրյա արտադրողների հետ: Արցախյան ազատամարտին նվիրված հայկական կինոն Կաննում ներկայացնելը նման է մակույկով մեն-մենակ օվկիանոսի ալիքների դեմ դուրս գալուն, երբ միևնույն է, չես ընկրկում, գնում ես առաջ»:
Նշենք, որ «Թևանիկն» այս օրերին ցուցադրվում է «Մոսկվա» կինոթատրոնում: Ակտիվ գովազդ մեզ մոտ նույնպես չի եղել (ո՜ւր մնաց Կաննում), անգամ որոշ հեռուստաընկերություններ մերժել են եթերում հյուրընկալել ֆիլմի ռեժիսորին կամ դերասանական կազմից որևէ մեկին, պատճառաբանելով, որ ֆիլմը կոմերցիոն է: Հանրությունը տեղեկացել է ֆիլմի մասին մամուլից, և հարց է` քանի՞սն են հետևում օրվա լրահոսին: Ջիվան Ավետիսյանի խոսքով` միակ չափանիշը լավ ֆիլմն է, գովազդը պետք է իրազեկելու համար: Որ ֆիլմը հաջողված է, աներկբա է, սակայն նկատում է, որ այն ստիպում է մտածել, իսկ այսօրվա հանդիսատեսը չի սիրում մտածել:


-Ասում են` մերօրյա հերոսամարտի, մեր ժամանակի մասին խոսելը դյուրին չէ: Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել այս առումով:
-Անաչառորեն եմ անդրադարձել թեմային, բոլոր տեսարանները ճշմարիտ են: Այդ ճշմարտությունը ինչքա՞ն է ցանկալի կամ անցանկալի` հարցի մյուս կողմն է: Երբ նկարահանում ես 20 տարվա վաղեմություն ունեցող պատերազմ, մեծ անհանգստություն ունես, որովհետև ականատեսներ կան ու դժգոհության ալիք կարող է բարձրանալ: Նման ալիք չի եղել, դժգոհություններ, իհարկե, կան, չես կարող ստեղծել արվեստի գործ, որ միանշանակ ընկալվի: Եթե միանշանակ է ընկալվում, դա ավելի մտահոգիչ է:
-Ի՞նչ էին ասում ֆիլմի մասին Կաննում:
-Գեղեցիկ կարծիքներ էին հնչում «Թևանիկի» մասին: Ֆիլմն ընկալելի էր դրսի հանդիսատեսի համար: Ասում էին, որ կարողացել ես գտնել բանալի տարբերակը` պատմելու համար երկու երկրների կոնֆլիկտի մասին, անկախ նրանից, որ տարածքում է եղել, և ինչ զենքով են մարտնչում հերոսները: Կարծիք հնչեց, որ եթե հրազենի փոխարեն նետուաղեղ լիներ, ֆիլմի արդիականությունը դրանից չէր տուժի:
-Ի վերջո, ի՞նչ է պետք Կաննի կինոշուկայում ներկայանալու համար` անո՞ւն, լավ ֆի՞լմ, լավ գովա՞զդ:
-Անունը մեծ նշանակություն ունի, կան մարդիկ, որ մասնակցում են 10 և ավելի տարի, գիտեն՝ ինչ է պահանջում շուկան, ինչն է հետաքրքիր, կապեր ունեն: Ես նույնպես դյուրին էի շփվում այն մարդկանց հետ, ում անցյալ տարի հանդիպել էի: Ես երկրորդ տարին էի ներկայանում, դժվար է հայ ռեժիսորի համար Կաննի կինոշուկայում, նկարահանման հրապարակում, մոնտաժի ժամանակ: Եվ դեռ այնպիսի արտադրանք պիտի ներկայացնես, որ բավարարի օտարի պահանջները, պիտի կարողանաս քո պատմությունը պատմել:
-Հաճախ կարելի է լսել, որ ցեղասպանության մասին ներկայանալի ֆիլմ չունենք, բայց ստացվում է՝ լավ ֆիլմ նկարահանելը դեռ ամենը չէ, պիտի կարողանաս աշխարհին ներկայացնել ունեցածդ:
-Ես Ձեզ ասում եմ՝ ունենք լավ ֆիլմ, բայց եթե գովազդի հնարավորություն չկա, ո՞վ է նայելու:
-«Թևանիկը» հայ-լիտվական համատեղ արտադրություն է, լիտվական կողմը չի՞ կարող ֆիլմը փառատոների ներկայացնել, հանրայնացնել:
-Մենք, իհարկե, աշխատում ենք իրար հետ, Կաննի կինոշուկայում կինոգործիչների հետ հանդիպումներին ֆիլմի համապրոդյուսերը ներկա է եղել, հաջորդ նախագծին նույնպես մասնակցելու է:
-Ֆիլմը զերծ չէ քաղաքական երանգից: Հայ-ադրբեջանական հակամարտության թեման խոչընդոտներ չի՞ առաջացնում՝այլ երկրների կինոգործիչների հետ համագործակցության եզրեր փնտրելիս:
-Շատերը կարող են խուսափել, բայց հնարավորինս փորձել ենք ունիվերսալ ձևով մատուցել: Կաննում ասում էին` ձևը գտել ես ձեր ցավոտ թեմաներից մեկի (մյուսը` Ցեղասպանությունն է) մասին պատմելու այնպես, որ զուտ հայկական պատմություն չլինի: Բայց, ի վերջո, հրահրված, պարտադրված պատերազմի մասին է խոսքը, և դա տողատակերում է, քարոզչական կոչ չէ: Դիտողը հասկանում է, բայց այնպիսի երանգով ենք պատմել, որ առաջին րոպեներից հետո չասի` այս ի՞նչ է, որ ֆիլմը նայի մինչև վերջ:
-«Թևանիկը» ներկայացնելու եք «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնում: Նախորդ ֆիլմը` «Ընդհատված մանկությունը», նույնպես մասնակցել է «Ոսկե ծիրանին»: Մեր ռեժիսորների նույնիսկ ամենալավ աշխատանքները մրցութային ծրագրերում զիջում են արտասահմանյան ֆիլմերին, քիչ թե շատ հաջողություն հնարավոր է գրանցել «Հայկական համայնապատկեր» ծրագրում:
-Փառատոնին մասնակցում են խոշորագույն ֆիլմեր, որոնց հետ դժվար է մրցել: Կարծում եմ, «Հայկական համայնապատկերը» հայ ռեժիսորներին հաջողություն ունենալու, մրցանակ ստանալու հնարավորություններ է ընձեռում: Դա դրական քայլ է փառատոնի կազմակերպիչների կողմից:
-Ծրագրերի մասին:
-Հաջորդ ֆիլմի նկարահանման աշխատանքները կսկսվեն 2015-ին: Դարձյալ հիմքում ազատամարտն է, բայց չի կրկնում «Թևանիկին»:
-Ի դեպ, «Թևանիկի» դերասանական կազմը հաջող էր ընտրված:
-Հաջորդ ֆիլմում նույնքան լավ դերասաններ են լինելու, այդ թվում` օտարերկրյա հայտնի դերասաններ:


Հարցազրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1636

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ